«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆԻ-ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ուսուցչին` Ռոման Բալայանին նվիրված «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը: Փառատոնի հիմնադիր-տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը շնորհվելու է Ռոման Բալայանին` իր մեծ արվեստի, նաև 75-ամյա հոբելյանի առիթով. «Ռոմային սիրում եմ եղբոր նման, վարպետի նման, մեծ վարպետի նման: Ռոման չնայած իր խրոխտ տեսքին` միշտ համեստ և լուռ է եղել: Մեծ ռեժիսոր է ոչ միայն հայկական, ոչ միայն խորհրդային կինոյի համար, այլև աշխարհի կինոյի համար»:
«Ֆիլմն ինձ այսօր ավելի դուր եկավ, քան մեկ տարի առաջ: Գուցե ես եմ փոխվել: Հայերն ինձ մեծ ռեժիսոր են համարում: Իրականում ես սովորական ռեժիսոր եմ, ինձ նման հազարավոր ռեժիսորներ կան, բայց այնպիսի հայ, ինչպիսին ես եմ, քիչ են,- ասաց ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ:- Ես միշտ իմացել եմ, որ Սամվելն ինձ սիրում է, և դա ապացուցեց նաև կինոյի միջոցով: Չափից շատ է գովերգությունը: Ես դա չեմ սիրում: Բայց նա չէր կարող դա չանել»:
Իր ֆիլմերի դեպքում ռեժիսորի վերաբերմունքն ավելի խիստ է, ասաց, որ իր ֆիլմերը չի սիրում, եթե ուզում են, որ խելագարվի, դահլիճում իր աչքի առաջ պետք է ցուցադրեն դրանք: Քանի որ տեսնում է այն, ինչ նույնիսկ քննադատները չեն նկատում:
Ռոման Բալայանը նոր ֆիլմի սցենար ունի, հավանաբար եկող տարի մայիսին կսկսի նկարահանումները: Բայց, առհասարակ, ասաց, որ շատ է հեռացել կինոյից: Վաղուց կինոդիտումների չի գնում: Ավելի շատ թատրոն է հաճախում: Նրա համոզմամբ` ցանկացած պիես ավելի կատարյալ է ցանկացած, նույնիսկ ամենալավ կինոսցենարից. «Ես գնում եմ ոչ թե նայելու ներկայացումը, այլ լսելու տեքստը: Ինձ պիեսն է հետաքրքրում»: Ապրիլյան դեպքերին անդրադառնալով` ասաց, որ սարսափել էր. Արցախում են իր բարեկամները, մոր աճյունը: «Փառք Աստծո, ավարտվեց: Ես, իհարկե, ուզում էի, որ Արցախը ազատագրվի, բայց երբ Սամվելը 88-ին ասաց, որ Արցախում ցույցեր են սկսվել, ուզում են միանան Հայաստանին, ասացի` վայ մե… ես միանգամից ամեն ինչ զգացի: Բոլորն ուրախանում էին, իսկ ես գիտեի, որ շատ մահեր կլինեն ու երկարատև պատմություն»:
ՈՒրիշ ելք տեսնո՞ւմ էիք` հետաքրքրվեցի:
«Այո, եթե հումանիստները լուծեին այդ հարցը, ոչ թե քաղաքական գործիչները: Կան հայեր ու ադրբեջանցիներ, որ կարողանում են ճիշտ մտածել, նրանք պետք է հանդիպեին: Ես չեմ սիրում քաղաքական գործիչներին, չեմ սիրում նացիոնալիստներին, անկախ նրանից, թե որ կողմից են` ադրբեջանական, հայկական, թե ռուսական: Եվ նույնիսկ պատրիոտիզմ բառը տանել չեմ կարողանում: Նույնը կարող եմ ասել ՈՒկրաինայի համար: Ես հաճախ եմ հեռուստատեսությամբ խոսում այդ մասին, որ Ռուսաստանը պահում է իրեն շատ վատ, ՈՒկրաինան` անհասկանալի: Ինչպես արդեն ասացի` հումանիստները պետք է լուծեն հարցերը: Ովքե՞ր են իրական հումանիստները: Դրանք այն մարդիկ են, որ չեն ատում ուրիշ ազգերին: Կան այդպիսի մարդիկ, օրինակ Հրանտ Մաթևոսյանը: Հիշում եմ, նա ասում էր` տեսնում ես, չէ՞, բոլորի աչքերում ցեղասպանությունն է:- Եվ արդեն հայերենով ավելացրեց.- Ես ուրիշ տղա եմ, ես լոպազ ղարաբաղցի եմ... ուզում եմ ուրիշ լինեն»:
Ռեժիսորը նկատեց նաև, որ մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միշտ խնդիրներ կլինեն: Բայց տանել չի կարողանում, երբ հայերը հեռանում են երկրից. «Ինձ ասում են` չէ՞ որ Դուք նույնպես գնացել եք, ես ասում եմ` ինձ չեն ընդունել: Եթե գնում է մարդը, ով տաղանդավոր է, ու նրան չեն հասկանում, դա ուրիշ է, բայց աղքատը պետք է մեռնի իր երկրում, ինչպիսին էլ այն լինի: Դա իմ համոզմունքն է»:
«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը արտադրվել է 2011-ին: Սցենարի հեղինակը Վալերի Գասպարյանն է: Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի արտամրցութային ծրագրում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ